Սեքսոլոգիա
Սեռական գրգռման խանգարումներ
Կանանց սեռական գրգռման խանգարում
Մինչև վերջին ժամանակները, կանանց սեռական գրգռման խանգարումները՝ իբրև ինքնուրույն խնդիր, բժիշկների և հետազոտողների կողմից մատնված էին լրիվ կամ մասնակի անուշադրության։ Մինչդեռ համանման խնդիրը տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիան, տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության և միջամտության առաջնային առարկա, և մինչ օրս էլ շարունակում է մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Սիլդենաֆիլի կիրառման համատարած հաջողությունը մեծացրեց կանանց սեռական գրգռման նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը` այն հույսով, որ սեռական գրգռման վրա բարերար ազդեցություն թողնող նմանատիպ մի դեղամիջոց էլ կանանց համար կգտնվի։
Թեև կանանց սեռական գրգռման խանգարման իրական տարածվածությունը հայտնի չէ, ընդունված է համարել, որ բոլոր տարիքային խմբերում զգալի թվով կանայք ունեն այս խնդիրը։ 1994-ին ԱՄՆ-ում կատարված վիճակագրական հետազոտությունների համաձայն, 18-59 տարեկան կանանց 19%-ը ունի լյուբրիկացիայի խանգարում։ Ինչպես նշված է New England Journal of Medicine-ում, 1978-ին մասնագետների կողմից հետազոտված 100 «նորմալ» զույգի 48%-ը գանգատվել է գրգռման բացակայությունից, 33%-ը՝ գրգռումը պահելու դժվարությունից ու, չնայած դրան, նրանց 86%-ը գոհ են եղել իրենց սեռական կյանքից։ Թվերի այս անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու համար կնոջը բավական է թեթևակի գրգռվել, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ էրեկցիայի լիարժեքությունը պարտադիր պահանջ է։ Այդ պատճառով այս հետազոտության ընթացքում ուսումնասիրված տղամարդկանց միայն 15%-ն են գտել, որ իրենց կանայք ունեն գրգռման խանգարում։
Հետդաշտանադադարային շրջանում հեշտոցի խոնավացման խանգարումները ավելի բարձր են. մի հետազոտության մեջ այդ ցուցանիշը հասնում էր 44%-ի։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կանանց սեռական գրգռման խանգարումը վերաբերում է սեռական պատասխանի գրգռման փուլին։ DSM-IV-ում սեռական գրգռման խանգարման ցուցանիշներն են՝
Ա) Ի պատասխան գրգռման՝ հեշտոցի խոնավացման անբավարար մակարդակ կամ մինչև սեռական ակտի ավարտը գրգռանքը պահելու մշտական կամ պարբերաբար կրկնվող անկարողություն։
Բ) Խանգարումը առաջ է բերում նշանակալի անհանգստություն կամ միջանձնային դժվարություններ։
Գ) Սեռական խանգարումը հետևանք չէ այլ հիմնական հիվանդության կամ որևէ նյութի անմիջական ֆիզիոլոգիական ազդեցության։
Այս ցուցանիշները ըստ էության համապատասխանում են Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման բնորոշմանը, ըստ որի այս նոզոլոգիական միավորը կոչվում է կանանց գենիտալ ռեակցիայի բացակայություն և բնութագրվում է իբրև հեշտոցի չորություն կամ խոնավացման բացակայություն։
Ախտորոշիչ այս ցուցանիշներին համապատասխանող կանայք ունեն սեռական ցանկություն և հաճույք են ստանում սիրախաղից։ Հաճախ նույնիսկ նրանք ի վիճակի են հեշտանք վերապրել, հատկապես եթե ուժգնորեն գրգռվեն վիբրատորի օգնությամբ։ Այնուհանդերձ, նրանց հեշտոցը չոր է մնում գրգռման այնպիսի պայմաններում, որոնք բազմաթիվ այլ կանանց մոտ սովորաբար առաջացնում են հեշտոցի խոնավացում։ Առնանդամի ներհրումը չոր և լարված հեշտոց ցավոտ է և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս։ Սա կարող է այնպիսի երկրորդային սեռական խանգարումներ առաջացնել, ինչպիսիք են դիսպարեունիան և վագինիզմը, սեռական ցանկության կորուստը։ Այս խանգարումով կանանց զուգընկերները հաճախ իրենց մերժված են զգում և ընկճվում՝ համարելով իրենց վատ սիրեկաններ։
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Կանանց սեռական գրգռման խանգարումը ախտորոշելու համար պետք է իմանալ` ինչպիսի մեխանիզմներ են ընկած այս խանգարման հիմքում և ինչպես բացահայտել դրանք։
Ինչպես և տղամարդկանց մոտ, կանանց գրգռման փուլը՝ հեշտոցի խոնավացումը անմիջականորեն պայմանավորված է վեգետատիվ նյարդային համակարգով և հատկապես նրա պարասիմպաթիկ մասով։ Վերջին հաշվով, այս մեխանիզմը գտնվում է գլխուղեղի կեղևի հսկողության տակ, և տեսականորեն ճիշտ է ենթադրել, որ կնոջ գրգռումը, ինչպես տղամարդկանց մոտ, պետք է ենթարկվի հուզական ազդակներին։ Սակայն իրականում պարզվում է, որ կանանց սեռական գրգռման խանգարման հոգեբանական ձևը տարածված չէ։ Հայտնի փաստ է, որ սեռական կոնֆլիկտ ունեցող կինը ավելի շուտ կորցնում է իր սեռական ցանկությունը կամ ունենում հեշտանքի խանգարումներ, քան թե արգելակվում է նրա սեռական գրգռման ընթացքը։ Այն կանայք, որոնք ունեն նորմալ սեռական ցանկություն և կարող են հեշտությամբ հասնել հեշտանքի, բայց ի վիճակի չեն սեռական գրգռման` հիմնականում դաշտանադադարով կանայք են։
Կանանց սեքսուալ ցիկլի արյունալցման փուլը շատ ավելի պաշտպանված է զանազան հիվանդություններից և դեղորայքի ազդեցությունից, քան տղամարդկանց էրեկցիան, քանի որ այն ներառում է համեմատաբար պարզ անատոմիական կառույցներ և չի պահանջում հեմոդինամիկ բարձր ճնշման ապահովում սեռական օրգաններում։ Կոնքի արյունամատակարարման ավելացումը, որը գրգռման փուլի մեխանիզմն է երկու սեռերի մոտ, կանանց հեշտոցում պարզապես առաջացնում է հեղուկի տրանսուդացիա լորձաթաղանթի անոթներից։
Միակ գործոնը, որ կարող է խոցելի դարձնել կանանց գրգռումը ֆիզիկական ազդակներից, հեշտոցի էստրոգենային բավարար հագեցվածությունն է, որն անհրաժեշտ պայման է հեշտոցի արյունալցման ակտիվացման և խոնավացման։ Էստրոգենային անբավարարության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը և նրա ներքո տեղակայված անոթային ցանցը ենթարկվում են ատրոֆիայի։
Էստրոգենային անբավարարության հիմնական պատճառը դաշտանադադարն է` տարիքային բնականոն ընթացքով կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով։ Թեև «ծերացած» ձվարանը և մակերիկամները դաշտանադադարից հետո շարունակում են արտադրել փոքր քանակությամբ էստրոգեններ, սակայն սովորաբար դա ի վիճակի չէ ապահովելու հեշտոցի բավարար խոնավացում։ Այդ պատճառով, կլիմակտերիկ կանայք, հատկապես եթե նրանք չեն ապրում կանոնավոր սեռական կյանքով, հակված են հեշտոցի չորության։ Էստրոգենային անբավարարությունը հեշտ է ախտորոշելը։ Էստրոգենների բավարար մակարդակի խոսուն վկան է նորմալ դաշտանը։ Բոլոր այցելուներին, որոնք ներկայացնում են հեշտոցի չորության գանգատներ, պետք է հարցնել դաշտանի կանոնավորության և բնույթի մասին։ Այդ այցելուների հեշտոցային քննությունը պարզում է, որ որպես կանոն, նրանց հեշտոցի լորձաթաղանթը չոր և գունատ է լինում։ Էստրոգենների ազդեցությունը վագինալ բջիջների վրա խիստ ցայտուն է, և հատուկ եղանակով ներկված հեշտոցային քերուկի մանրադիտակային քննությունը հիմնականում արագ կերպով հաստատում է էստրոգենային անբավարարության փաստը։ Ավելի հավաստի է ժամանակակից լաբորատոր պայմաններում էստրադիոլի մակարդակի որոշումը արյան պլազմայում։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հետազոտության ընթացքում պետք է ուշադիր լինել` բոլոր այն հիվանդությունները բաց չթողնելու համար, որոնք կարող են նպաստել սեռական գրգռման խանգարմանը։ Ստորև կքննարկվեն այն վիճակները, որոնք կարող են ձգձգել գրգռման առաջացումը կամ ընդհանրապես կասեցնել այն։ Պետք է սակայն նշել, որ այդ վիճակները ինքնին լուրջ խնդիր են այցելուի համար, և սեռական գրգռման խանգարումը այս դեպքերում առաջնային չէ։
Նյարդային համակարգի օրգանական խանգարումներ
Այն խանգարումներն են, որոնց ժամանակ վնասվում են ուղեղային սեռական կենտրոնները։ Դրանք են գլխուղեղի վնասվածքը և ցերեբրովասկուլյար խանգարումները։ Այս դեպքերում գրգռման դժվարացումը հետևանք է սեռական կենտրոնների, լիմբիկ համակարգի և ճակատային բլթի վնասման։ Հիպոթալամուսի վնասումները և chraniopharingoma-ն նույնպես բերում են սեռական գրգռման խանգարման՝ ճնշելով համապատասխան ուղեղային հատվածները։ Հիպոֆիզի քրոմոֆոբ ադենոման գործում է ոչ միայն վերոնշյալ մեխանիկական մեխանիզմով, այլ նաև պրոլակտինի բարձր քանակության միջոցով։ Փսիխոմոտոր էպիլեպսիան խոչընդոտում է գրգռումը՝ խախտելով լիմբիկ համակարգի գործունեությունը։
Խանգարումներից ամենահաճախ հանդիպողը, որը վնասում է սեռական նյարդային կենտրոնները, բազմակի սկլերոզն է (multiple sclerosis)։ Սրա ժամանակ հատվածաբար վնասվում է ողնուղեղը և դրա հետ միասին` ողնուղեղում գտնվող, սեռական ռեֆլեքսների համար պատասխանատու կենտրոնները։ Փաստորեն, սեռական դժվարությունները երբեմն բազմակի սկլերոզի առաջին դրսևորումներից են` այնպիսի գանգատների տեսքով, ինչպիսիք են հեշտոցի խոնավացման անկարողությունը, ծլիկի զգայունության իջեցումը կամ բացակայությունը, դիսպարեունիան, որոնք բոլորն էլ բերում են գրգռման նվազման։ Այս ամենի հիմքում ընկած է ողնուղեղի հատվածների դեմիելինիզացիան։
Կան այլ հիվանդություններ ևս, որոնք ախտահարում են ողնուղեղը և կարող են առաջացնել գրգռման խանգարում։ Դրանք են Tabes dorsalis, Amyotrophic lateral sclerosis, Syringomyelia, myelitis, ծայրահեղ թերսնուցումը և վիտամինային անբավարարությունը։
Ալկոհոլային նեյրոպաթիան և գոտկային դիսկի ճողվածքը բերում են գրգռման խանգարման՝ վնասելով ողնուղեղի սեռական կենտրոնները փոխկապակցող սոմատիկ և վեգետատիվ նյարդաթելերը, այնպես, ինչպես պատահում է Shay-Drager syndrome-ի (առաջնային վեգետատիվ դեգեներացիա) ժամանակ։
Պարապլեգիան, որ հետևանք է ողնուղեղի տրավմատիկ վնասվածքների, կանխում է սեռական գրգռման առաջացումը, որովհետև արգելակված են նյարդային գրգիռների փոխանցման գործընթացները։
Անոթային խնդիրները բերում են գրգռման խափանման՝ կոնքի անոթայինցանցի թրոմբոտիկ վնասման և խցանումների հետևանքով։ Կորոնար հիվանդության և արտահայտված հիպերտենզիայի դեպքում սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարման առաջնային պատճառը հոգեբանական է՝պայմանավորված դեպրեսիայով կամ հանկարծամահության տագնապով։
Հակահիպերտենզիվ դեղամիջոցները և հատկապես ալֆա-ադրենոբլոկատորները նույնպես կարող են նպաստել գրգռմանարգելակումների։
Էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները ավելի շուտ ազդում են սեռական ցանկության և հեշտանքի փուլերի վրա. գրգռման խանգարումը երկրորդական է։ Շաքարային դիաբետը կարող է առաջացնել գրգռման խանգարում ծլիկի զգայական նյարդերի նեյրոպաթիայի հետևանքով։ Տեստոստերոնային անբավարարությունը բերում է լյուբրիկացիայի խանգարման և խափանումուղեղային կենտրոնների գործունեությունը, քանի որ վերջիններիս բնականոն գործունեությունը պահանջում է բավարար տեստոստերոնային հագեցվածություն։ Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը նույնպես առաջացնում է գրգռման խանգարում` դեռևս չբացահայտված մեխանիզմներով։ Այլ էնդոկրին հիվանդություններ, ինչպիսիք են Ադիսոնյան հիվանդությունը, Կուշինգի համախտանիշը, ակրոմեգալիան և հիպոպիտուիտարիզմը, ևս կարող են հանգեցնել գրգռման խանգարումների, քանի որ առաջացնում են հորմոնալ դիսբալանս, որն ազդում է ուղեղի սեռական նյարդահոսքերի նորմալ ընթացքի և սեռական օրգանների գործունեության վրա։
Հիվանդությունների շարքում, որոնք բերում են գրգռման խանգարումների,տեղ ունեն նաև լյարդի հիվանդությունները, քանի որ խանգարվում է էստրոգենային փոխանակությունը, և երիկամի հիվանդությունները։
Փոքր թվով կանանց մոտ, որոնք ունեն նորմալ դաշտանային ֆունկցիա, հեշտոցային չորությունը պայմանավորված է հոգեբանական արգելակումով։ Որոշ դեպքերում պատճառը վախն է սեռական հարաբերությունից կամ անբավարար սիրախաղը։ Սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այս գործոնների դերը գրգռման խանգարումներում նշանակալից չէ, և սրանց անմիջական հոգեբանական նախատրամադրող պատճառները դեռևս լրիվ ուսումնասիրված չեն։
Անհրաժեշտ է նմանապես պարզել` արդյոք սեռական ախտանշանները առաջնային են, թե հետևանք են որևէ հոգեբուժական հիվանդության, ինչպիսին են տրամադրության (աֆեկտիվ) և տագնապային խանգարումները։ Որոշակի հարցերի օգնությամբ կարելի է պարզել հոգեբուժական խնդրի առկա լինելու փաստը. այցելուն տառապե՞լ է հոգեկան հիվանդությամբ կամ ստացե՞լ էհոգեմետ դեղորայք, ենթարկվե՞լ հոգեբուժական հոսպիտալացման, ունեցե՞լ է դեպրեսիա, ֆոբիաներ, խուճապի գրոհներ կամ չի՞ չարաշահել այս կամ այն նյութը։
Եթե հոգեբուժական ծանրաբեռնվածությունը առկա է, պետք է պարզել`ո՞րն է առաջնային՝ սեռական ախտանի՞շը, թե՞ հոգեկան հիվանդությունը։ Հարկավոր է ճշտել` արդյոք որևէ դեղամիջոցի կողմնակի ազդեցությանհետևանք չէ՞ սեռական ախտանիշը։ Կարևոր է հարցնել սուիցիդալ փորձերի մասին։ Արտահայտված հոգեկան հիվանդությամբ այցելուն կարող է շատ խոցելի գտնվել և պատրաստ չլինել հոգեսեռական բուժմանը կամ պարզապես օգուտ չստանալ դրանից։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Կանանց սեռական ցիկլի գրգռման փուլը ընթանում է սեռական օրգանների անոթալայնացման ռեֆլեքսի ուղեկցությամբ։ Վերջինս բերում է հեշտոցամուտքի հյուսվածքների փքման և փխրունացման, որն արտահայտվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմիր երանգով և անոթներից արյան պլազմայի արտահոսքով պայմանավորված խոնավությամբ։ Զարկերակների լայնացումը պայմանավորված է ողնուղեղի երկու կենտրոնների ակտիվացմամբ՝ S2, S3, S4-ում, և մյուսը՝ T11, L1, L2-ում։ Տղամարդկանց նման, կանանց սեռական գրգռումը ևս կարող է ուժեղանալ կամ թուլանալ գլխուղեղից եկող նյարդային գրգիռների ազդեցության տակ, որոնք իրենց հերթին ենթակա են անցյալի վերապրումներին և փորձառությանը։
Ինչպես վերևում նշվեց` հեշտոցի խոնավացման գործում հիմնական դերը պատկանում է էստրոգենին։ Անվիճելի է վերջինիս ֆիզիոլոգիական ցիկլիկ ազդեցությունը արգանդի վզիկի գեղձերի գործունեության վրա։ Ինչպես հայտնի է, ձվազատման շրջանում՝ դաշտանային ցիկլի միջնամասում, այդ գեղձերի ակտիվությունը բարձրանում է և բերում վզիկի լորձային խցանի ջրիկացմանը, իսկ հետձվազատման շրջանում գեղձերի իջնող ակտիվությունը, որը համընկնում է պրոգեստերոնի (հակաէստրոգեն) աճի և էստրոգենների նվազման հետ, ուղեկցվում է լորձային խցանի մածուցիկության բարձրացմամբ։
Էստրոգենները ունեն նաև ուղղակի ազդեցություն հեշտոցի խոնավացմանվրա, քանի որ հարստացնում են ենթաէպիթելային անոթային հենքը, որը բարելավում է լյուբրիկացիան։ Էստրոգենների այս ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռձվարանները արտադրում են բավարար քանակությամբ էստրոգեններ։ Թեև այս հորմոնների արտադրությունը նվազում և ի վերջո լրիվ ընդհատվում է դաշտանադադարից հետո, այնուամենայնիվ էստրոգենային հագեցվածությունը կարող է էական լինել նաև այս ժամանակաշրջանում` շնորհիվ մակերիկամներում արտադրվող անդրոստենդիոնի փոխարկման՝ էստրոնի և ավելի պակաս նշանակալիությամբ՝ տեստոստերոնի փոխարկմամբ՝ էստրադիոլի։ Այնուհանդերձ, տարիքի հետ մակերիկամների այս օժանդակ օգնությունը նույնպես դառնում է անբավարար՝ հեշտոցի լորձաթաղանթի և հարակից օրգանների հյուսվածքները ֆունկցիոնալ պատրաստականության վիճակում պահելու համար։
Այսպիսով, ըստ էության, սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարումները կանանց մոտ պայմանավորված են գլխավորապես անոթալայնացման խանգարումով՝ ի հետևանք էստրոգենների արտադրության իջեցման կամ արգելակման։ Պետք է նշել, որ նախադաշտանադադարային կանանց մոտ նման խանգարումը հազվադեպ է հանդիպում։
Էստրոգենային անբավարարությունը բնորոշ է հետևյալ վիճակներին։
Ատրոֆիկ վուլվովագինիտ- Սա գրգռման խանգարում առաջացնող ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդությունն է, որ հանդիպում է կլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ։ Գինեկոլոգիական քննությունը հայտնաբերում է, որ լորձաթաղանթը չոր է և հաճախ` կարմրած։ Կարող է դիտվել մկանային լարվածության և էլաստիկության իջեցում։ Հեշտոցի լորձաթաղանթը երբեմն այն աստիճանի է բարակած լինում, որ հպումից արյունահոսում է։ Լաբորատոր հետազոտության ժամանակ հեշտոցի թաց քերուկում հայտնաբերվում են հիմնականում պարաբազալ բջիջներ։ Արյան պլազմայում իջած է էստրոգենի մակարդակը, այն դեպքում, երբ ՖԽՀ-ի և ԼՀ-ի մակարդակները սովորաբար բարձր են։
Բացի էստրոգենային անբավարարության ֆիզիոլոգիական պատճառներից կան նաև այլ վիճակներ, որոնք բերում են ատրոֆիկ վուլվովագինիտի։ Դրանք են՝
- Ձվարանի հեռացումը (վիրահատական դաշտանադադար),
- Ռադիկալ կոնքային վիրահատությունը (օրինակ` արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ), քանի որ այս դեպքում նույնպես հեռացվում են ձվարանները՝ էստրոգենների հիմնական աղբյուրը, և բացի այդ վնասվում են սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային ուղիները։
Երբեմն հեշտոցային չորությունը հետևանք է պրոգեստերոնային նյութերի, օրինակ՝ մեդրոքսիպրոգեստերոնի ազդեցության, որն ազդում է և իբրև հակաէստրոգեն, և իբրև հակաանդրոգեն։ Այս մեխանիզմով ազդում են որոշ հակաբեղմնավորիչներ, որոնք պարունակում են պրոգեստերոնի բարձր քանակներ։ Այս դեպքերում գինեկոլոգիական հետազոտությունը հայտնաբերում է հեշտոցի նշանակալի չորություն, բայց ոչ լորձաթաղանթի բարակություն կամ պետեխիալ բծեր, ինչը բնորոշ է ատրոֆիկ վիճակներին։ Հեշտոցային քերուկում միջանկյալ բջիջները անհամեմատ ավելին են լինում, քան cornified և պարաբազալ բջիջները։
ԳՐԳՌՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Կանանց գրգռման խանգարումների բուժումը իրականացվում է այցելուի հետ առանձին կամ զուգընկերոջ հետ միասին, կամ երկու տարբերակով համատեղ։ Կիրառվում է դեղորայքային բուժում և սեքս-թերապիա` զուգակցված կամ առանձին-առանձին։ Դեղորայքային բուժումը հազվադեպ է ցուցված նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար։ Այն որպես բուժման հիմնական մեթոդ կիրառվում է դաշտանադադարից հետո` սովորաբար առանց հոգեթերապիայի օժանդակության։ Եթե նմանատիպ դեպքերում դեղորայքային բուժումը չի բավարարում, ապա նոր զուգակցվում է հոգեթերապիայի մեթոդներով` իբրև բուժման օժանդակ հավելում։
Գրգռման հոգեբանական խանգարման դեպքում կիրառվում է հոգեթերապիայի կոգնիտիվ-վարքային միջոցների համալիրը։ Սրանք զուգակցվում են փսիխոդինամիկ ուղղվածությամբ փսիխոթերապիայի հետ, եթե բուժման ընթացքում հուզական խնդիրներ են ի հայտ գալիս։
Էլեկտրական կամ մարտկոցով աշխատող վիբրատորները շատ արդյունավետ են կանանց սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը բարձրացնելու գործում։ Արտահայտված գրգռումը, որն առաջանում է վիբրատորի օգնությամբ, նպաստում է հոգեբանական արգելակումների և բժշկական վիճակներով պայմանավորված գրգռման խանգարումների հաղթահարմանը։ Վիբրատորի կիրառումը նախատեսվում է բուժական համալիրի կազմում և ինչպես անհատական, այնպես էլ զուգընկերոջ հետ միասին բուժման արդյունավետ եղանակներից է։
Եվ վերջապես, բուժական ազդեցություն ունի լյուբրիկանտների կիրառումը, որը արդյունավետ է ոչ միայն դաշտանադադարով, այլև էստրոգենների նորմալ մակարդակով կանանց համար։ Նոր ջրային լյուբրիկանտները ավելի փափուկ են և երկարատև ազդող։ Դրանք գերադասելի են յուղային լյուբրիկանտներից, քանի որ լատեքսե պահպանակները դրանցից գրեթե չեն վնասվում։ Եթե սեռական հարաբերությունն ընթանում է ջրում կամ երբ այն խիստ բուռն ընթացք ունի, գերադասելի են սիլիկոնային լյուբրիկանտները, որոնք սակայն թանկ արժեն։ Թեև լյուբրիկանտները ընդհանուր առմամբ անվնաս են, բայց նրանք պարունակում են հակավիրուսային սպերմիցիդ նոնօքսինոլ 9, որը կարող է գրգռել որոշ այցելուների։ Ամեն դեպքում, ինչքան քիչ կիրառվեն լրացուցիչ հավելանյութեր, այնքան պակաս կլինի ալերգիկ ռեակցիայի հավանականությունը։
Տղամարդու էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են։ Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները։ Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն` նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց։ Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված իմպոտենցիա ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր։ Տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը նախընտրելի է փոխարինել էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես նշված է DSM-IV ում՝ «Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ»։ Այս բնորոշումը ենթադրում է, որ սեռական ցանկությունը պահպանված է, և առկա են հաջող սեռական հարաբերություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս սահմանումը ներառում է նաև ձեռնաշարժության ժամանակ հազվադեպ հանդիպող էրեկտիլ դժվարությունները։
Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ տարբերակի մեջ էրեկտիլ դիսֆունկցիան նկարագրված է գենիտալ ռեակցիայի բացակայության խորագրի տակ` իբրև էրեկցիայի առաջացման և սեռական գործողության ընթացքում դրա բավարար պահպանման դժվարություն։
ԷԴ-ով շատ այցելուներ հաճույքաբեր են համարում համբուրվելը, շոշափումը և անգամ սեռական օրգաններին անմիջական հպումը, սակայն վերոնշյալ վարքային ակտիվությունները ոչ միշտ են ուղեկցվում գենիտալ ռեակցիայի առաջացմամբ։ Եթե այս կարգի արգելակումները հաճախ են կրկնվում, կարող է ի հայտ գալ սեռական ցանկության երկրորդային խանգարում՝ իջեցման կամ լրիվ անհետացման տեսքով։ Որոշ դեպքերում նույնիսկ կարող է զարգանալ սեռական խուսափման վարքագիծ, և տվյալ տղամարդը արտաքուստ կընկալվի որպես բացարձակ ասեքսուալ։
ԷԴ-ն այնպիսի խանգարում է, որը հնարավոր չէ քողարկելը։ Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ այն եզակի դեպքերում, որոնք անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում։ Էրեկցիայի խանգարումը նման տղամարդկանց կողմից կարող է տարբեր մեկնաբանություններ ստանալ, որոնցից էլ կախված է, թե զարգացման ինչպիսի ընթացք կունենա ախտանիշը։ Շատ տղամարդիկ ցուցաբերում են հանդուրժող վերաբերմունք, որը նրանց թույլ է տալիս շարունակել իրենց սեռական կյանքը առանց որևէ արգելքի։ Նրանց զուգընկերուհիները սովորաբար է՛լ ավելի պակաս են անհանգստացած։ Իսկ որոշ տղամարդիկ էրեկցիայի խանգարման անգամ մեկ դեպքից հետո սեռական հարաբերությանը մոտենում են իբրև սպառնալից մի փորձության և սկսում վերահսկել սեռական գործողության կատարումը ողջ ակտի ընթացքում։ Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը։ Բուժման հիմնական նպատակը կատարման հենց այս տագնապի վերացումն է։
Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ։ Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են։ Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար։ Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն, որը նպաստել է ԷԴ-ի առաջացմանը։
Այս կապակցությամբ ուշադիր քննարկվում և մեկնաբանվում են այցելուի բոլոր դիտարկումները` կապված էրեկցիայի առաջացման հետ։ Շատ այցելուներ նշում են, որ ունեն առավոտյան էրեկցիաներ և հեշտությամբ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել մենակ գտնվելիս, մինչդեռ բացարձակապես անկարող են էրեկցիայի հասնելու` երբ զուգընկերուհու հետ են։ Որոշ դեպքերում հաջողվում է հասնել էրեկցիայի, բայց դժվարություն է ներկայացնում այն պահպանելը։ Մյուսները կորցնում են այն որոշակի հանգամանքներում` հագուստը հանելիս, ներթափանցումից անմիջապես առաջ կամ երբ առնանդամը հեշտոցում է, երբ սեռական հարաբերության պահանջ է ներկայացվում, կամ էլ երբ տվյալ զուգընկերուհին ինտիմություն և վստահություն է պահանջում։ Երբեմն անբավարար է լինում էրեկցիայի պնդության աստիճանը։
Վերոնշյալ ախտորոշիչ տվյալներին անչափ օգտակար հավելում է զուգընկերուհու հետ վարած զրույցը, որի ընթացքում կարող են բացահայտվել նոր մանրամասներ և հաստատվել արդեն ձեռք բերվածները։
Կանայք տարբեր կերպ են արձագանքում իրենց զուգընկերների ԷԴ-ին։ Ոմանք հրաշալի գոտեպնդողներ են և հասկացնել են տալիս, որ իրենք կարևորում են տղամարդու անձը և ոչ թե նրա պրկված առնանդամը։ Այսպիսի վերաբերմունքը պատճառային գործոնների շարքում բացառում է զուգընկերուհու մասնակցությունը։ Սրան հակառակ, սեռապես պահանջկոտ կանայք առավելապես անզիջում են և քննադատաբար են տրամադրված։ Նման կանանց ծայրաստիճան զայրացնում է այն հանգամանքը, որ իրենց զուգընկերը չի բավարարում իրենց սեռական պահանջը։ Կան կանայք, որոնց բավականության միակ աղբյուրը առնանդամի իմիսիայի մեջ է։ Այլ խումբ կանայք դեմ են իրենց զուգընկերոջ կողմից էրոտիկ մեդիայի օգտագործմանը և հրաժարվում են տղամարդու սեռական օրգանները գրգռելուց։ Հաճախ տղամարդուց ակնկալում են ակնթարթային էրեկցիա և դրա պահպանում մինչև իրենց բավարարումը։ Տղամարդը փորձում է ամեն կերպ բավարարել այդ ակնկալիքները և այդ պատճառով ստեղծվում է մի ճնշում, որն ուժեղացնում է սեռական տագնապը, արդյունքում առաջացնելով կամ խորացնելով էրեկցիայի խանգարումը։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես հայտնի է, էրեկցիան պայմանավորված է առնանդամում արյան բարձր ճնշումով։ Դա հնարավոր է մի կողմից զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից՝ երակային հետհոսքի թուլացմամբ։ Արդյունքում` արյան զգալի քանակություն «բռնվում է կիսափակ տարածքում», առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում։
Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացը կարգավորվում է հատուկ կազմակերպված նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներով։ Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, սակայն ողնուղեղային կենտրոնները գտնվում են գլխուղեղի կառավարման ներքո։ Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը։
Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են։ Ողնուղեղային վերին կենտրոնը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակների, իսկ ստորինը՝ տակտիլ ներգործությունները։ Երբ ներկայացվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարության գանգատ, հարկավոր է ճշտել՝ արդյո՞ք այցելուն օգտագործում է երկու հնարավոր՝ հոգեկան և տակտիլ գրգռման աղբյուրների ամբողջ ներուժը։ Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկան գրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլ գրգիռների։
Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է։ Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներով` ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական վերապրումներից։ Էրեկցիայի այս խոցելիությունը պայմանավորված է էրեկտիլ համակարգի կազմավորման բարդությամբ։ Այս համակարգի անխափան գործունեության համար հարկավոր է առնանդամի կառուցվածքային լիակատար ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային բավարար մատակարարում, գլխուղեղում նյարդային մեդիատորների անխախտ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալի գործունեություն, համապատասխան հորմոնալ ֆոնի առկայություն և, վերջապես, խաղաղ և էրոտիկ տրամադրված հոգեվիճակ։
Քանի որ հոգեբանական և օրգանական ԷԴ-ի արտաքին դրսևորումները նույնն են (բացի նրանից, որ հոգեբանական ԷԴ-ն հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել բոլոր հնարավոր օրգանական պատճառները։
Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղամիջոցներ՝ հակահիպերտենզիվները, այդ թվում՝ թիազիդային միզամուղները, բետա-ադրենոբլոկատորները, կենտրոնական սիմպատոլիտիկները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները։ Ալկոհոլը և ծխախոտը նույնպես ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Ալկոհոլի թույլ դոզաները, «ընդամենը մեկ կամ երկու բաժակ», թեև ակտիվացնում են սեռական ցանկությունը, սակայն կարող են ճնշել էրեկցիան։ Քրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի։ Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա։ Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների պատերի պնդացում, ներառյալ առնանդամը սնող զարկերակներինը։ Ծխողների մոտ էրեկցիայի խանգարումների հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողներինը։
Էրեկցիայի խանգարմանը կարող են նպաստել որոշ էնդոկրին խանգարումներ, որոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ, հիպերպրոլակտինեմիայով։ Շաքարային դիաբետը ԷԴ-ի առաջացման հաճախ հանդիպող պատճառներից է։
Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող վասկուլոգեն մեխանիզմները՝ առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի տրավմաները, Պեյրոնի հիվանդությունը, մանգաղաձև բջջային անեմիան։
ԷԴ-ն կարող է արդյունք լինել նաև մի շարք նեյրոգեն խանգարումների, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում։ Այդ հիվանդություններից են՝ բազմակի սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, նեյրովասկուլյար հիվանդությունը, Այցհեյմերի հիվանդությունը, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի տրավմաները։
ԷԴ-ն հանդիպում է նաև դեպրեսիաների ժամանակ։
40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ մեծ է հոգեբանական ԷԴ-ի հավանականությունը, մինչդեռ ավելի բարձր տարիքում հաճախանում է օրգանական ԷԴ-ն, քանի որ այս տարիքում աճում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման հավանականությունը։
Ըստ էության ԷԴ-ի ախտորոշումը իրականացվում է բացասման եղանակով՝ հերթով բացառվում են այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք ի վիճակի են առաջացնելու էրեկցիայի նեյրոգեն, վասկուլոգեն և հորմոնալ մեխանիզմների խանգարումներ։ Սա բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է։
Իրականում շատ քիչ թվով այցելուներ են պահանջում լրիվ ուռոլոգիական քննություն։ Փորձառու և հմուտ սեքսոլոգը հոգեկան ԷԴ-ների 90%-ի դեպքում ընդամենը զրույցի հիման վրա կարող է բացառել օրգանական ախտածագումը։ Այցելուի հոգեհուզական վիճակից էրեկցիայի խանգարման տատանման փաստը հաստատելով` կարելի է գրեթե անվիճելի համարել հոգեբանական պատճառների դերը էրեկցիայի խանգարման առաջացման գործում։ Այն այցելուները, որոնց ԷԴ-ի հիմքում ընկած են օրգանական մեխանիզմներ, գանգատվում են սեռական թուլությունից ցանկացած ժամանակ, մինչդեռ հոգեբանական ԷԴ-ի դեպքում սեռական թուլությունը զգացնել է տալիս միայն հուզական լարում պահանջող իրավիճակներում։ Ճշգրիտ եզրակացության գալու համար այցելուից պետք է սպառիչ տեղեկություններ քաղել ձեռնաշարժության ժամանակ առաջացող, ինչպես նաև ինքնաբուխ էրեկցիաների վերաբերյալ, որոնք կապված չեն էրոտիկ գրգռման հետ և հայտնվում են առավոտյան անմիջապես արթնանալուց հետո և գիշերը՝ քնի արագ փուլի ժամանակ։ Եթե այցելուն կամ նրա զուգընկերուհին նշում են իմիսիայի համար բավարար և կայուն էրեկցիայի գոնե մեկ դեպք, ապա օրգանական գործոնների հետագա ուսումնասիրումը իմաստ չունի։
Հոգեբանական գործոնները դեր են խաղում ԷԴ-ի գրեթե բոլոր դեպքերում՝ ինչպես առաջնային օրգանական, այնպես էլ հոգեբանական։ Անոթային մեխանիզմներով պայմանավորված մեղմ արտահայտված էրեկտիլ թուլությանը տրվող տագնապալից պատասխանը ի զորու է իսկապես առաջացնելու լրիվ թուլություն։ Ասվածը հիմնավոր է և հակառակ կոնտեքստով՝ փսիխոգեն ԷԴ-ն, բերելով երկարատև սեռական ձեռնպահության` կարող է առաջացնել երկրորդային օրգանական խանգարումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել բուժման ժամանակ։ Հաճախ դժվար է որոշել` հոգեբանակա՞ն, թե՞ օրգանական գործոններն են գերակշռում այս խնդրում։ Նման դեպքում անհրաժեշտ է վիճակը գնահատել խառը կամ անորոշ ծագման։ Սակայն հոգեբանական գործոնին անհրաժեշտ է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ այն ազդում է ախտանիշի ձևավորման և բուժման վրա բոլոր դեպքերում, նույնիսկ եթե խնդիրը անվերապահորեն օրգանածին է։
Դեպքերի գերակշռող մասում փսիխոգեն ԷԴ-ի առաջացման հոգեբանական մեխանիզմը կատարման տագնապն է (performance anxiety)։
Սեռական հարաբերության ժամանակ անձի մոտ ծագած մտքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը՝ արդյոք կկարողանա՞ պահպանել էրեկցիան մինչև հարաբերության ավարտը։ Էրեկցիայի պահպանման կապակցությամբ այսպիսի օբսեսիվ անհանգստությունը այցելուին կենտրոնացնում է սեռական գործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացողություն։ Քանի որ էրեկցիան խիստ զգայուն է հույզերի նկատմամբ, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական «ուղեկից», կատարման տագնապը բերում է առնանդամը արյան ավելցուկից բեռնաթափող ռեֆլեքսների աշխուժացման, և արդյունքում էրեկցիան թուլանում է։
Երբեմն կատարման տագնապը հանդիպում է «մաքուր» ձևով, և այցելուի հոգեբանական գնահատումը բացահայտում է, որ նա ազատ է հուզական որևէ տեսակի կոնֆլիկտից, իսկ զույգի միջանձնային հարաբերությունները խնդիր չեն հարուցում։ Այլ դեպքերում այն ծառայում է իբրև պաշտպանական մեխանիզմ ընդդեմ անգիտակից սեռական կոնֆլիկտի կամ էլ մասն է կազմում միջանձնային հարաբերությունների դինամիկ զարգացման։ Այս ամենը պետք է հաշվի առնել ԷԴ-ով այցելուի հետազոտման ժամանակ։ ԷԴ-ով և այլ սեռական խանգարումով տղամարդկանց սիխոպաթոլոգիաները իրարից չեն տարբերվում։ Հոգեվերլուծական տեսության համաձայն, տղամարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված էդիպյան բարդույթը և «ամորձատման տագնապը», և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ։ Էդիպյան բարդույթը կարելի է բացահայտել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով։ ՈՒշադրության են արժանի այցելուի հարաբերությունները իր մոր հետ, զուգընկերուհու մեջ իր մոր կերպարը տեսնելու կամ մորը հիշեցնող կանանցից խուսափելու միտումները, տղամարդկանց մեջ մրցակիցներ տեսնելու և նրանցից վախենալու դրսևորումները։ ԷԴ-ով տղամարդկանց հոգեվերլուծական քննությունը ցույց է տալիս, որ նրանք ակնհայտ կերպով թշնամական կամ ամբիվալենտ վերաբերմունք են տածում կանանց նկատմամբ և կախվածություն ունեն մայրերից։
Շատ տղամարդիկ, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ունենում, սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել։ Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե այցելուի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին ինչպիսի վերաբերմունք է եղել։
Այն կարծիքը կա, որ կանանց վերջերս «ազատագրված վարքը» կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով տղամարդկանց մոտ ԷԴ-ի տարածման հետ։ Պետք է նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը։ ԷԴ-ով այցելուների կանանց ուսումնասիրումը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռական գործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատ վարքն է, այլ նևրոտիկ վիճակը։ Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն և հակասեքսուալ արժեքներ կրողները, որոնք չեն ընդունում ծլիկային գրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատվությունը գցում են տղամարդու ուսերին։ Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ։ Այս տղամարդկանց վիճակը բարելավվում է, երբ նրանց կանայք հաղթահարում են վերոնշյալ բարդույթը և սովորում են սեռապես ավելի ակտիվ լինել և գրգռել զուգընկերոջը։
Սա չի նշանակում սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական պահանջները և քմահաճ վերաբերմունքը դեր չեն խաղում ԷԴ-ի զարգացման գործում։ Ընդհակառակը, շատ կանայք չեն գոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրս գալ ամուսնական պայքարում, ինչը էական գործոն է ԷԴ-ի առաջացման և բուժման կազմակերպման գործընթացում։ Այդ պատճառով զույգի սեռական փոխհարաբերության և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիրումը կարևոր է ԷԴ-ով տղամարդու հետազոտման ժամանակ։
ԲՈՒԺՈՒՄԸ
ԷԴ-ի որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով։ Դրանք այն դեպքերն են, որոնք պայմանավորված են թեթև արտահայտված կատարման տագնապով, որը հետևանք է ոչ բավարար սեքսուալ ինքնավստահության և զուգընկերուհու կողմից գործադրվող ճնշման, և հիմքում չունեն խորը անգիտակից թշնամանք կանանց նկատմամբ։ Այն այցելուները, որոնց մոտ հայտնաբերվում են խորքային փսիխոպաթոլոգիա և միջանձնային դժվարություններ, պահանջում են ավելի երկարատև և բարդ բուժում, որը ներառում է անգիտակից կոնֆլիկտների լուծում։
Էրեկցիայի օրգանոգեն կամ փսիխոթերապիայի նկատմամբ կայուն փսիխոգեն ԷԴ-ի դեպքում բացի փսիխոթերապիայից կիրառվում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ։ Մասնավորապես մեծ կիրառում են գտել ֆոֆոդիեսթերազ-5-ի արգելակիչների կիրառումը՝ սիլդենաֆիլ, տադալաֆիլ, վարդենաֆիլ։ Օգտագործվում են միջոցներ, որոնք ունեն ակտիվացնող ազդեցություն ԿՆՀ-ի վրա՝ ժենշենի արմատներ, էլեուտերոկոկի մզվածք, պանտոկրին, պրոզերին, սեկուրինին, լոշտակ և այլն։ Կիրառվում է վիտամինաթերապիա, ինչպես նաև աֆրոդիզիակներ՝ յոհիմբին։ Երբեմն նշանակվում են հորմոնալ պրեպարատներ՝ գոնադոտրոպիններ, անդրոգեններ և դրա սինթետիկ անալոգներ, անաբոլիկ ստերոիդներ։ Որոշ դեպքերում կիրառվում է ռեֆլեքսաթերապիա։
Ողնուղեղային տրավմաների կամ տեղային դիստրոֆիկ պրոցեսների հետևանքով զարգացող էրեկցիայի խանգարումը վերականգնվում է արտաքին պրոթեզավորման միջոցով։ Կիրառվում են նաև վիրաբուժական միջոցառումներ, որոնք ունեն հիմնականում 3 ուղղություն՝
- Սեռական անդամի կավերնոզ մարմինների ռեվասկուլյարիզացիա
- Կավերնոզ մարմինների երակային հոսքի նվազեցում
- Սեռական անդամի էնդոպրոթեզավորում (էնդոֆալոպրոթեզավորում)։
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն